Լիբանանից Երևան՝ նոր գաղափարներով և առաքելությամբ
A+ Skills ուսումնական կենտրոնի պատմությունը պետք է սկսել հիմնադիր տնօրենի՝ Արմինեի պատմությամբ։ Արմինեն Լիբանանից է։ Պատմում է, որ շատ վաղուց է երազել նման կենտրոն ունենալու մասին. «Լիբանանում շատ երկար տարիներ աշխատել եմ որպես անգլերենի ուսուցիչ, ինչպես նաև տարբեր հրատարակչություններում, որտեղ դասագրքեր էինք կազմում և հրատարակում։ Այդ երկար տարիների ընթացքում կուտակած փորձը, գաղափարներն ու նորարական մեթոդները ուզում էի ներդնել դասավանդման մեջ»։ Սակայն Լիբանանում ուսումնական կենտրոն հիմնադրելը ռիսկային է եղել։ Ինչպես Արմինեն է ասում՝ կարող էր պատերազմային իրավիճակ ստեղծվել և ներդրածդ ողջ ջանքերը պարզապես ջուրը կընկնեին։
2015 թվականին Արմինեն տեղափոխվում է Հայաստան, ուսումնասիրում է կրթական ոլորտը ու որոշ ժամանակ՝ աշխատում մի քանի ուսումնական կենտրոններում. «2000 թվականին կրթական ոլորտում շատ բարեփոխումներ եղան, որոնք միտված էին կրթությունը թեորետիկից վերափոխելու ավելի կիրառականի։ Հենց այդ տարի ես ավարտեցի համալսարանը, մասնակցում էի բազմաթիվ թրեյնինգների, տարբեր կենտրոններում էի դասավանդում, աշխատում էի դասագրքեր պատրաստող հրատարակչություններում և երբ եկա Հայաստան, այդքան տարիների փորձը թույլ տվեց նկատել տեղի խնդիրներն ու բացթողումները»։
Արմինեի կարծիքով Հայաստանում օտար լեզուների դասավանդման մեջ ամենամեծ բացթողումն այն է, որ գործնական հմտությունները զարգացնելու փոխարեն՝ շեշտը դրվում է հատկապես տեսական գիտելիքի վրա։ «Իրականում իմանալ օտար լեզու նշանակում է կարողանալ այն օգտագործել։ Շատ են լինում դեպքեր, երբ մարդիկ գալիս են ու ասում, որ խոսակցական անգլերենի դասի են ուզում մասնակցել, բայց իրականում չկա այդպիսի բաժանում՝ «խոսակցական անգլերեն», կա լեզու, որը սովորել նշանակում է տիրապետել այդ լեզվին ամբողջությամբ և կարողանալ կիրառել այն կյանքում»։
Արմինեն պատմում է, որ թեև A+ skills-ը պաշտոնապես հիմնադրվել է 2017-ին, բայց կարելի է ասել, որ դպրոցի պատմությունը սկսվել է 2016-ի ամռանը, երբ Լիբանանից եկած մի քանի ծնողներ Արմինեին խնդրում են իրենց երեխաների հետ անգլերեն պարապել. «Ես վերսկսեցի active classroom (ակտիվ դասասենյակ) վարել։ Երեխաների հետ անգլերեն էինք պարապում տարբեր վայրերում՝ կախված նրանից, թե ինչ թեմա էինք ուսումնասիրում։ Գնում էինք այգի, ժամանցի այլ վայրեր ու երբ տեսա, որ հետաքրքրությունը մեծանում է, ուզեցի իմ սեփական դպրոցն ունենալ»։
Սկզբնական շրջանում Արմինեի համար հատկապես բարդ է եղել ուսուցիչների ու աշխատակազմի ընտրությունը, որոշել է ինքը վերապատրաստել այն մասնագետներին, որոնք լավ են տիրապետել լեզվին, սակայն դասավանդման մեթոդներին՝ ոչ այնքան։ Եվ այսօր Արմինեն այլևս միայնակ չի դասավանդում դպրոցում։